Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ և չի պատրաստվում ներխուժել. Ամիրբեկով

Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ և չի պատրաստվում ներխուժել. Ամիրբեկով

Ադրբեջանը Հայաստան ներխուժելու մտադրություն չունի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը մոտ ապագայում Հայաստան ներխուժելու մտադրություն ունի, Ամիրբեկովն ասել է.«Բացարձակապես ոչ, սա վերջին օրերին տարածված կեղծ լուրեր են, որոնց ծագումը մենք լիովին չենք կարող հասկանալ։ Նման շինծու լուրերի համար որպես պատրվակ նշվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը կապահովի ցամաքային հաղորդակցություն Ադրբեջանի և նրա էքսկլավի՝ Նախիջևանի միջև»։

Նրա խոսքով՝ եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարող են օգտագործվել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «անցում», «ճանապարհ», «խաչմերուկ» և այլն։

Ամիրբեկովի խոսքով՝ այս տերմինը «զուտ տնտեսական և տրանսպորտային հայեցակարգ է»:

«Եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, մենք, ըստ էության, այլընտրանքային տարբերակ ունենք՝ իրականացվի երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Իրանի տարածքով կապելու նախագիծը: Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու մեջ և դա լինելու է հենց հայերի ընտրությունը։ Պատասխանելով ձեր հարցին՝ նորից կասեմ, որ ամեն դեպքում, Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, և այս անհիմն պնդումը, ամենայն հավանականությամբ, միտումնավոր է տարածվում Հայաստանի կողմից», — ասել է նա։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial