Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվություն կրի. Ադամ Շիֆ

Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվություն կրի. Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆը, ինչպես ամեն ապրիլի 24-ի, Լոս Անջելեսում է՝ խոշորագույն հայկական համայնքի կողքին։ Այս անգամ՝ նոր իրավիճակում, երբ իր քսան տարվա աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ընդունված է ամերիկյան կոնգրեսի երկկուսակցական մեծամասնության քվեով։ Կոնգրեսականը վստահ է, որ Ցեղասպանությունից 106 տարի անց, և հատկապես այս պահին, երբ հայ ժողովուրդը մեկ այլ փորձության մեջ է, խիստ կարևոր էր նաև ԱՄՆ նախագահի խոսքը Հայոց ցեղասպանության մասին՝ ճշմարտության մասին:

Ադամ Շիֆ (ԱՄՆ կոնգրեսական) — Կարծում եմ՝ խիստ իմաստալից է հենց այս պահին, երբ Արցախի պատերազմն այդքան կյանք խլեց, և կա մեկ այլ ցեղասպանության մտավախություն, խոսել Ցեղասպանության մասին։ Ցեղասպանության ժխտումը կարծես շարունակական դարձնի պատճառված վերքը։ Իսկ ճանաչումն անկյունաքարային իրադարձություն կարող է լինել:

Կոնգրեսական Շիֆը նշեց, որ ճանաչումը ճանապարհի ավարտը չէ․ իրենք կշարունակեն աշխատել փոխհատուցման և արդարադատության հաստատման ուղղությամբ:

Ադամ Շիֆ — Փաստը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է դիմակայել Թուրքիային այս հարցում, նշանակում է, որ ի զորու կլինի դիմակայել Թուրքիային և Ադրբեջանին նաև այլ հարցերում։ Եթե մենք համարձակություն չունենք խոսել հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, ինչպե՞ս կարող ենք խոսել ներկա խնդիրների մասին՝ լինի Արցախում թե Չինաստանում ցեղասպանական արշավի մասին։

ԱՄՆ-ին ուղղված Թուրքիայի սպառնալիքին, թե ճանաչումը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերությունը, Ադամ Շիֆի արձագանքը հստակ է․ եթե հարաբերությունների համար պայմանը Ցեղասպանության ժխտմանը մեղսակցությունն է, ապա դա չի կարող հարաբերություն լինել։ Կոնգրեսականը վստահ է, որ ինչպես ցեղասպանության ճանաչման բանաձևը ստացավ կոնգրեսի երկկուսակցական աջակցությունը, այնպես էլ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մասին բանաձևը կհաջողի Կոնգրեսում:

Ադամ Շիֆ — Մենք պետք է օգտագործենք մեր ամբողջ դիվանագիտական կարողությունը՝ ճնշում բանեցնելու Ադրբեջանի վրա ռազմագերիներին վերադարձնելու հարցում։ Մենք պետք է նաև դադարեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Նրանք դրա կարիքը չունեն, նրանք դրան արժանի չեն։ Մանավանդ որ մենք դրա հիմքն ունենք՝ ըստ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի, որը արտոնում է մեզ դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին, եթե նրանք խախտում են մարդու իրավունքները, ինչը նրանք իրականացրել են Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի ընթացքում։ Մեր առաջնահերթությունը պիտի լինի պաշտպանել տարածաշրջանի անվտանգությունը, ապահովել գերիների վերադարձը, և որ տեղահանված մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները, և արցախցիներն իրացնեն ինքնորոշման իրավունքը։

Ադամ Շիֆն ասաց, որ և՛ դեմոկրատական, և՛ հանրապետական կուսակցություններից աջակիցներ ունեն հայ ռազմագերիների վերադարձը պահանջող բանաձևն առաջ տանելու, նաև՝ մարդու իրավունքների շարունակական խախտման համար Ադրբեջանի դեմ կոշտ քայլեր ձեռնարկելու հարցում։

Կոնգրեսականը նշեց՝ Բաքվում այսպես կոչված պուրակի բացումը, հայ ռազմագերիներ նկատմամբ վերաբերմունքը, այս ամենը մարդու իրավունքների միջազգային օրենքների ոտնահարում է։ Ադրբեջանի նախագահը և այդ երկրում յուրաքանչյուրն, ով ներգրավված է դրանում, պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի պատերազմական հանցագործությունների հետաքննությանը, որոնք տեղի են ունեցել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial