Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում սպանությամբ ավարտված ծեծկռտուքից հետո։ Գրել է Ъ-ն։
Օգոստոսի 26-ի վաղ առավոտյան Ռուսաստանի Շարիպովո քաղաքի 6-րդ միկրոշրջանում ծեծկռտուք է եղել: Նախնական տվյալներով՝ հարբած երեք այցելուներն անհանգստացրել են մի աղջկա, որին պաշտպանել են մի ամուսնական զույգ և նրանց ծանոթը։
Այնուհետև արտասահմանցիները կանչել են իրենց ընկերոջը, որն իր հետ բերել է ամրան ու երկու շինարարական մուրճ․ «Արդյունքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Չորս կասկածյալները հարձակվել են տուժածների վրա և ամրաններով ու մուրճերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին։ Կասկածյալներից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել»։
Ծեծկռտուքի հետևանքով 30-ամյա տղամարդ է մահացել։ Երկու ամուսինները վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց։ Հանցագործության վայրը լքած անձինք շուտով հայտնաբերվել ու բերման են ենթարկվել։
Նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են։
Գործը քննվում է Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի Հանրապետության քննչական գլխավոր վարչությունում։ Գործը քննվում է սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության հոդվածներով: