Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում․ Արցախի ԱԱԾ ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում․ Արցախի ԱԱԾ ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Կոչ ենք անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

 

Միջադեպի մասին մանրամասներ է հաղորդել Times.am կայքը։ Նշվում էր, որ դեպք է տեղի ունեցել Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

 

Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմը այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկությունները կտրամադրվենք առաջիկայում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial