Թալիբներն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի գրավումից հետո շրջում են փողոցներով՝ փորձելով գտնել ամերիկյան ուժերի հետ համագործակցած քաղաքացիներին, ինչպես նաև, ըստ որոշ տվյալների, որսում են անչափահասների՝ սեքս ստրուկներ դարձնելու համար:
Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը, ջիհադիստ հրամանատարները, ըստ տեղեկությունների, իմամներին կարգադրում են ներկայացնել 12-45 տարեկան չամուսնացած կանանց ու աղջիկների ցուցակներ, որոնց պետք է ամուսնացնեն իրենց զինյալների հետ:
Հաղորդվում է, որ «Թալիբան»-ի գրոհայինները գնդակահարել են «նեղ հագուստով» մի կնոջ, իսկ որոշ շրջաններում կանայք չեն կարող տնից դուրս գալ առանց տղամարդու:
Քաբուլի առաջին կին քաղաքապետը խոստովանել է, որ պարզապես նստած սպասում է՝ երբ թալիբները կգտնեն և կսպանեն իրեն և իր ամուսնուն:
27-ամյա Զարիֆա Ղաֆարին թերթերից մեկին ասել է. «Ես պարզապես նստած եմ ամուսնուս հետ: Նրանք կգան և կսպանեն ինձ: Ես չեմ կարող լքել իմ ընտանիքը: Եվ հետո, ո՞ւր գնայի»:
«Թալիբան»-ի զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից: