Իսրայելն այսօր որոշում կկայացնի Իրանին պատասխանելու վերաբերյալ. Ռաիսին նախազգուշացրել է՝ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի

Իսրայելն այսօր որոշում կկայացնի Իրանին պատասխանելու վերաբերյալ. Ռաիսին նախազգուշացրել է՝ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի

Իսրայելի կառավարությունը կիրակի որոշում կկայացնի Իրանին պատասխան հարված հասցնելու հետ կապված. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ:

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթահայուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», — ասել է Իրանի նախագահը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», — նախազգուշացրել է Բաղերին:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial