Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի կոպտագույն խախտումը․ ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի կոպտագույն խախտումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայ քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․

«Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը։ Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։

Հարկ է նշել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից սա վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Վստահ ենք, որ այս և նման հանցագործությունների պատշաճ հետաքննությունը և բոլոր պատասխանատուների արդարադատության առջև կանգնելը կարող է կանխել քաղաքացիական բնակչության նկատմամբ հետագա հարձակումները։

Ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial