Եթե ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, հնարավո՞ր է, որ գան Հայաստան։ Հնարային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը նման հարց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետն արձագանքեց. «Գան Հայաստան ի՞նչ անեն, կներեք, ես այդ հարցում տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև նրանք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն են: Եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան, ուրիշ հարց՝ Ադրբեջանո՞վ կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով կգնան, և սա սկզբունքային հարց չէ: Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք և հիմնավորում չկա ու չի կարող լինել»:
Զուգահեռ մեկնաբանը հարցրեց նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի ճակատագրից, Փաշինյանն էլ շեշտեց. «Ռուսաստանի սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի մնալու հիմքերը շատ պարզ են, շարունակում են գոյություն ունենալ, և ՀՀ-ն և ՌԴ-ն նման հարց չեն բարձրացնում։ Բազում խնդիրներ կան, բայց ոչ բոլոր խնդիրներն են միմյանց հետ փոխկապակցված»: