«Հայվեյզը» Երևան է տեղափոխել իր առաջին սեփական օդանավը

«Հայվեյզը» Երևան է տեղափոխել իր առաջին սեփական օդանավը

«Հայվեյզ» ավիաընկերությունը, որը նպատակ ունի հայկական շուկայում զբաղվել բեռնափոխադրումներով, նոյեմբերի 11-ին Երեւան է տեղափոխել իր առաջին օդանավը: Գրում է «Հետքը»։

«Boeing 737-400SF» տիպի բեռնատար ինքնաթիռը «Զվարթնոց» է ժամանել բրիտանական «East Midlands» օդանավակայանից (միջանկյալ կանգառ կատարելով վրացական Քութայիսում), որտեղ գտնվում էր 2022 թ. դեկտեմբերից: Օդանավը կառուցվել է 1997 թ., ընդ որում՝ այն ի սկզբանե եղել է ուղեւորատար օդանավ եւ շահագործվել է չինական «China Xinhua Airlines»-ի կողմից (չինական գրանցումը՝ B-2989): Ըստ planespotters.net-ի տվյալների՝ 2012-2013 թթ. ԱՄՆ-ում ինքնաթիռը ձեւափոխվել է՝ «Boeing 737-400»-ից դառնալով «Boeing 737-400SF» (SF- Special Freighter, հատուկ բեռնափոխադրող): 2013-ի հունվարին օդանավը ԱՄՆ-ից տեղափոխվել է Ռուսաստան ու հանձնվել նոր շահագործողի՝ ռուսական «Ատրան» բեռնափոխադրող ընկերությանը, որը օդային բեռնափոխադրումների ոլորտում հայտնի «Վոլգա-Դնեպր» ռուսական խմբի ընկերություններից է:

Ու չնայած շահագործողը ռուսական օպերատոր էր, ինքնաթիռը գրանցված էր Բերմուդյան կղզիներում որպես VP-BCK: Սա տարածված եւ օրինական երեւույթ էր ռուսական ավիացիայում, որը, սակայն, արեւմտյան պատժամիջոցների տակ հայտնվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա 2022 թ. փետրվարին: Դրանից հետո ռուսական օդանավերն այլեւս չեն գրանցվում Բերմուդներում:

2022 թ. հունվարին օդանավը տեղափոխվել է Շարժա, որտեղ մնացել է մինչեւ նույն տարվա դեկտեմբեր, իսկ հետո՝ մինչեւ այս տարվա նոյեմբեր, կայանված էր Մեծ Բրիտանիայում, որտեղից էլ, ինչպես ասվեց, բերվել է Հայաստան:

Ավելին՝ սկզբնաղբյուրի կայքում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial