Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցանկանում է, որ երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NL Times-ը՝ նշելով, որ մինչև հիմա կառավարությունը շատ զգուշավոր է եղել Հայոց ցեղասպանության մասին խոսելիս:
Խորհրդարանական մեծամասնությունը հավանության է արժանացրել «Քրիստոնեական միություն» կուսակցության առաջ քաշած բանաձևը:
Կուսակցության ներկայացուցիչ Ջոել Ֆորդևինդը նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիան շարունակում է սպառնալ հայերին: Նա նկատել է, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պատերազմում աջակցություն տրամադրեց Ադրբեջանին: «Այս ագրեսիան պետք է դադարեցվի»,- ասել է Ֆորդևինդը:
NL Times-ը նշում է, որ խորհրդարանական մեծամասնությունը աջակցում է բանաձևին՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի հաշտեցման գործընթացին և կկանխի նոր ցեղասպանությունները: «Հենց սրա համար էլ շատ կարևոր է, որ երկրները հստակ խոսեն: Խորհրդարանի գերակշիռ մեծամասնությունը կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը վերջապես անել դա»,- ասել է Ֆորդևինդը:
Նրա բանաձևը քվեարկության կդրվի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում փետրվարի 9-ի կեսօրին:
Նիդերլանդները 2004թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդարանի որոշմամբ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: 2018 թվականին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որով վերահաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։