ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց նիստը գումարելու և ԼՂ-ում անվտանգության և մարդասիրական իրավիճակը գնահատելու համար` նշելով, որ դրա պատճառը եղավ Ադրբեջանի լավ պլանավորած ռազմական հարձակումը:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը շարունակվում է, միջազգային հանրության բոլոր անդամները փնտրում են աշխարհում խաղաղության պահպանման ուղիներ: Քանի դեռ բոլորս խոսում ենք ուժի օգտագործումը դատապարտելու հրամայականի մասին` կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, քանի դեռ գալիս ենք այստեղ, որ խաղաղության գործին մասնակից լինենք, մեր տարածաշրջանում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ մարդկանց նկատմամբ` կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերը: ԼՂ ողջ տարածքը` Ստեփանակերտը և այլ բնակավայրերը, ինտենսիվ և առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական օդաչուներով և ավիացիայով, այդ թվում`արգելված կլաստերային զինամթերքով: Հարձակման ինտենսիվության և դաժանության հետևանքով պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ հայկական բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է, այսպիսի մեծամասշտաբ ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց ծանր բնույթը»,- ասաց նա:
Միրզոյանը նշեց` քաղաքացիական և կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ թիրախային հարձակումների պատճառով` էլեկտրակայաններ, հեռախոսային մալուխներ, կայաններ, ինտերնետային սարքեր, բնակչությունը կտրված է իրարից և չի կարողանում իրական ժամանակում ներկայացնել տեղի վիճակը: Նա հայտնեց` Ադրբեջանի զորքերը վերահսկում են ԼՂ հիմնական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին: Միրզոյանը տեղեկացրեց` այս պահին հաստատված զոհերի թիվը ավելի քան 200 է, վիրավորների թիվը` ավելի քան 400, այդ թվում` քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում: Նա նկատեց` այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես այդ փաստը ընդունեց:
«Ավելի քան 10 000 մարդ հարկադրաբար տեղահանվել է, այդ թվում`կանայք, երեխաներ և տարեցներ, նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի և գոյատևման այլ պայմանների, հազարավոր ընտանիքներ են բաժանված, մոտ 20 000 անձինք տեղահանվել էին 2020 թվականի պատերազմի հետևանքով, և տեսեք` ինչպիսի ծանր մարդասիրական կարիքներ են հիմա այնտեղ առաջացել: Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շարունակվող շրջափակման պատճառով, առողջապահական համակարգը պարալիզացված է, հիվանդանոցները չունեն էներգիա, և դեղորայքի ծանրագույն պակաս կա, մարդիկ զրկված են անգամ առաջին օգնության հնարավորությունից, առանց վառելիքի շտապօգնության մեքենաները չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել: ԼՂ-ից ստացվող կադրերը իսկապես ցնցող են` կանայք, երեխաներ, տարեցներ մնացել են առանց կացարանի և սննդի, մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում` վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել իրենց ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր` միջազգային հանրության աչքի առաջ` 21-րդ դարում: Սոցցանցերում տեսնում ենք ԼՂ-ից բազմաթիվ հայերի, որ փնտրում են իրենց երեխաներին կամ ազգականներին: Այդ երեխաները, ովքեր հանկարծ հայտնվել են ապաստարաններում կամ անգամ փողոցներում, շարունակում են լաց լինել և ծնողներին խնդրել իրենց տուն տանել` հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն:
Ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8-ամյա մի տղա, եղբայրը` 10 տարեկան, սպանվել է, անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը հանել գյուղից, մյուս եղբայրը ստացել է մարմնական վնասվածքներ, սրանք բազմաթիվ դեպքերից ընդամենը երկու օրինակներ են: Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, Ադրբեջանի գործողությունները` հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանիներն ու անօդաչուներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, պապիկ-տատիկների դեմ, ադրբեջանական սոցցանցերը լի են կոչերով` գտնել անհայտ կորած երեխաներին և կանանց, բռնաբարել նրանց, կտրել վերջույթները և կերակրել շներին: Ադրբեջանցի օգտատերերը տարածում են հայ կանանց պրոֆիլները սոցցանցերում` խաղադրույք կատարելով, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության ներքո: Սա կանխատեսելի էր, նշաններն ակնհայտ կային, մենք երկար ժամանակ է` ահազանգում էինք»,- ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց` միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել, ներկայիս ագրեսիան գագաթնակետն է այն` 10 ամիս շարունակված շրջափակման, Լաչինի միջանցքի շրջափակման և հարկադիր սովամահության, որը գործադրվում է ԼՂ ժողովրդի նկատմամբ. սննդի սուր պակասի, վառելիքի, դեղորայքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ անհնար ապրանքների կտրուկ անբավարարության պատճառով ԼՂ խոցելի բնակիչներն արդեն իսկ մարդասիրական աղետի եզրին էին, ուստի, ըստ նախարարի, միամտություն կլիներ կարծել, թե այդ ամենը լիարժեք պլանավորված չի եղել` նախքան անմարդկային շրջափակման կիրառումը և շարունակումը, որի նպատակն էր կոտրել ԼՂ բնակիչների կամքը և դիմադրելու կարողությունը կամ կյանքը շարունակելու և ապրուստը, իրենց հայրենի երկրում իրենց կյանքը շարունակելու կարողությունը:
«Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար` թիրախավորելով քաղաքացիական բնակիչներին և ենթակառուցվածքները, սա այդ ողբերգության վերջին արարն էր, որի նպատակը ԼՂ ժողովրդի հարկադիր տեղահանությունն է. երբ Ադրբեջանը արգելափակեց Լաչինի միջանցքը, և մենք ԱԽ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց, երբ Արդարադատության միջազգային դատարանը իրավականորեն պարտադիր որոշումներ ընդունեց, և դրանք չհարգվեցին Ադրբեջանի կողմից, այս խորհուրդը, որպես բարձրագույն մարմին, որի նպատակը այդ դատարանի որոշումների կատարումն ապահովելն է, համարժեք արձագանք չցուցաբերեց, երբ ապրիլին Ադրբեջանը ապօրինի անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, հետո սկսեց մարդկանց առևանգել, այդ թվում` նրանց, ովքեր միջազգային մարդասիրական իրավունքի ներքո են, միջազգային հանրությունը չձեռնարկեց համարժեք միջոցներ, երբ ՀՀ-ն կրկին կոչ արեց ԱԽ նիստ հրավիրել օգոստոսին` զգուշացնելով, որ անվտանգային ու մարդասիրական իրավիճակը փխրուն է, և կոչ անելով խորհրդին իր գործիքակազմի միջոցով լուծել բոլոր խնդիրները և մոռացության չմատնել ԼՂ ժողովրդին, այս խորհուրդը համարժեքորեն չարձագանքեց: Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային նախորդած օրերին, երբ ՀՀ-ն ահազանգում էր Ադրբեջանի կողմից ուժի գործադրման հավանականության մասին և կոնկրետ միջոցներ պահանջում և գործող ու քայլեր` կանխելու այս սցենարը` միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացմանը, իսկ ահա, երբ Ադրբեջանը արդեն վերսկսել է ուժի գործադրումը ԼՂ ժողովրդի նկատմամբ, երբ այս մարդիկ ստիպված տեղահանվում են իրենց տներից և վտանգ կա, որ հարկադրաբար կտեղահանվեն իրենց հայրենիքից, երբ շատերն, ովքեր իրենց ընտանիքներն են պաշտպանել և իրենց հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը վերջին 30 տարիներին, շատերը այսօր զանգվածային ձերբակալությունների և քրեական հետապնդումների վտանգի առաջ են կանգնած: Այնպիսի իրավիճակում ենք, որում այլևս ոչ թե մտադրությունն է, այլ հստակ, անհերքելի ապացույցներ էթնիկ զտման քաղաքականության և զանգվածային ոճրագործությունների: ՄԱԿ-ի ԱԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել. չնայած որ ընդունեցին ադրբեջանական կողմի բոլոր պահանջները` արյունահեղությունը դադարեցնելու և այսօր բանակցությունների գնալու նպատակով` ԼՂ ժողովուրդը կրկին հարձակումների ենթարկվեց տարբեր տրամաչափի զենքով և ականներով: Քաղաքացիական անձինք կրկին ստիպված եղան ռմբապաստարաններում թաքնվել: Նման հարձակումները և հալածանքը հետագայում ևս շարունակվելու են, եթե միջազգային հստակ գործողություններ չձեռնարկվեն:
Իմիջիայլոց, նշված պահանջների մասին, կցանկանայի շատ հստակ և աներկբայորեն նշել, որ ՀՀ-ն չի մասնակցել այդ քննարկումներին, և մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈւ որևէ ռազմական անձնակազմի ներկայության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Այդ փորձի մեջ մենք տեսնում ենք մտադրություն որոշ սուբյեկտների` ՀՀ-ին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ` այդ կերպ մարտական գործողությունները տեղափոխելու ՀՀ ինքնիշխան տարածք: ՀՀ դիրքորոշումը մնում է նույնը` մենք պետք է խաղաղ հարաբերություններ կառուցենք` հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, որը որևէ կերպ չի կարող սխալ մեկնաբանվել և թողտվություն դառնալ զանգվածային ոճրագործությունների, այդ թվում` էթնիկ զտումների համար ԼՂ-ում: ԼՂ հայկական բնակչության իրավունքները և անվտանգությունը պետք է հավուր պատշաճի միջազգայնորեն երաշխավորվեն և պաշտպանվեն:
Եվս մեկ կարևոր ասպեկտ կա այստեղ մասնակից կողմերի առումով: Ձեզնից ոմանք ձեր հայտարարություններում դեռ շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին: Այս մոտեցումը և եզրութաբանությունն այլևս կիրառելի և տեղին չեն, այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր, չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք: Արդյոք դեռ հնարավոր է այն հիմա կանխել: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք, որ հնարավոր է, քանի որ դեռ ունենք հավատ մարդկայնության նկատմամբ, միջազգային իրավունքի և հազարավոր մարդկանց կյանքի վտանգման պարագայում վճռական քայլեր կատարելու ԱԽ կարողության նկատմամբ:
Պարոն նախագահ, այս ամենի ֆոնին, կրկին և կրկին կոչ եմ անում ԱԽ-ին` վստահելի քայլեր ձեռնարկել և իր հեղինակությունն օգտագործելով իրականացնել հետևյալ հրատապ միջոցառումները`
դատապարտել մարտական գործողությունների վերսկումը և քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքի թիրախավորումը,
պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիակատար իրականացում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ներառյալ` կանանց և երեխաների և քաղաքացիական ենթակառուցվածքը պաշտպանելու պարտականությունների կատարում,
տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում, որի նպատակը կլինի մշտադիտարկել և գնահատել մարդասիրական և անվտանգության իրավիճակը,
ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը`մարդասիրական սկզբունքներին համապատասխան,
ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ` ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, այդ թվում` մարմինները գտնելու և վերադարձնելու, անհայտ կորածներին գտնելու, ռազմագերիներին ազատ արձակելու, մարդասիրական օգնությունն առանց վտանգի տեղ հասցնելու համար` խստագույնս պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,
ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև 2020 թ. պատերազմից հետո տեղահանված անձանց և փախստականների վերադարձը իրենց տներ` ԼՂ տարածքում և հարակից շրջաններում` ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների վերահսկողության ներքո` ինչպես նախատեսված էր եռակողմ հայտարարությամբ,
ապահովել կենսական պարագաների, այդ թվում`սննդի, դեղորայքի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարման հրատապ վերականգնումը,
պահանջել անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգ և ազատ տեղաշարժը` Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան,
ապահովել երկխոսության միջազգային արդյունավետ մեխանիզմ` ԼՂ ներկայացուցիչների և պաշտոնական Բաքվի միջև` լուծելու համար ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիրները,
պահանջել, որ ադրբեջանական ռազմական և իրավական բոլոր մարմինները դուրս գան ԼՂ բոլոր քաղաքացիական բնակավայրերից` բացառելու համար սադրանքը և լարվածությունը, քաղաքացիական անձանց չվտանգել մինչև բանակցությունների ավարտը.
բացառել պատժողական գործողությունները ԼՂ քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ և հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում:
Այսօր մենք տոնում ենք ՀՀ անկախության օրը, ես ուզում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին այս շատ կարևոր և խորհրդանշական օրվա առթիվ, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց ԱԳ նախարարը: