Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։
«Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել»,- մանրամասնեց անասնատերը։
Միջադեպից հետո Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը տեղեկացրել էր, որ ոչխարներն ադրբեջանցիներից վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և այդ հարցով դիմել են ռուսներին։
Համայնքի ղեկավարից Tert.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ ոչխարներին ադրբեջանցիները հետ բերեցին, ռուսնե՞րն են օգնել այդ հարցում։
Դավիթ Ղուլունցը պատասխանեց, որ բոլորին էլ դիմել են, հիմա կարևորն այն է, որ բնակչի ոչխարներին հետ են բերել։
«Կարևորը հետ են բերել, ով բերել է՝ ապրի։ Ռուսական կողմին ասել ենք, բայց իրենք մանր եղջերավորների վերադարձի հետ կապ չունեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արմեն Ջահանգիրյանի շուրջ 270 գլուխ ոչխարները։ Նրա 16-ամյա որդին է ոչխարի հոտը արոտավայր տանելիս եղել։
Երբ ադրբեջանցիները հարձակվել են հոտի վրա, երիտասարդ հովիվը ձիով է եղել, կարողացել է արագ հեռանալ՝ իր հետ փրկելով մի քանի տասնյակ գլուխ ոչխարների։