Ադրբեջանական Կարմիր մահիկ ընկերության կողմից ուղարկված «մարդասիրական բեռով» մեքենաներն Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհին են։
Ըստ Trend-ի՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահներին տրվել է Բաքվից ուղարկված ալյուրի արտադրանքի որակի վկայականը։ «Ներկայումս սպասման վիճակում ենք, դեռևս փոփոխություններ չեն եղել»,- հավելեց նա։
Երկու բեռնատար օգոստոսի 29-ի երեկոյից գտնվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ։ Ռուս խաղաղապահները փշալարեր են ձգել և ցցեր տեղադրել՝ չարտոնված մուտքը կանխելու համար։ Ադրբեջանցիները գիշերել են անցակետի մոտ տեղադրված վրաններում։
Նախօրեին ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հացի հարցը կլուծվի։ Սակայն այն բանից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին Ստեփանակերտ «բեռի» ուղարկման մասին, Ստեփանակերտում հայտարարեցին, որ «Բաքվի հետ բեռների վերաբերյալ պայմանավորվածություն չկա»։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ուժերի և հանրության ներկայացուցիչները հայտարարել են, որ Բաքվից ոչ մի բեռ Արցախի տարածք չի թույլատրվելու։
Ադրբեջանը անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ է պահում ԼՂՀ-ն։ Բաքվի նպատակն է՝ ստիպել Ստեփանակերտին համաձայնել Ակնայով ճանապարհի բացմանը։