Մենք ունենք տեղեկություն, որ Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի հրավերը։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել, իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում», — նշել է նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Մարուքյանն ընդգծել է, որ չկա վերջնականացրած խաղաղության պայմանագրի նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրել:
«Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի», — հավելեց նա։