Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել` հաշվի առնելով իրավիճակի լրջությունը:
«Մի քանի շաբաթ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը որոշեց մեծամասշտաբ գործողություններ նախաձեռնել, որոնք իրականացվում էին մեծ մասշտաբով և հետևանքներ առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որ ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել: Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, մենք միակ երկիրը չենք, մի շարք երկրներ ևս ժխտում են այս վարքը` կոչ անելով Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել: Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ, այստեղ մարդիկ են զոհվել, քաղաքացիական անձինք, այդ թվում`երեխաներ»,- ասաց նա:
Կոլոննան նշեց` հրադադարը կենսական կարևորություն ուներ, կարևոր է այն պահպանել: Նա ընդգծեց` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի` իրենց իրավունքներով ու պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում:
«ԼՂ-ն որքան ժամանակ է շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա ասում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները, այդ բառերը Ադրբեջանի հանձնառությունն են, նրանք պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար: Եթե նա ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք, պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որ ընդունել են հրադադարը, պարտավոր է արագ և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը, պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը»,- ասաց նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց` առաջին անգամ չէ, որ Ֆրանսիան այս խորհրդին տեղեկացնում է, թե որքան ծանր է իրավիճակը ԼՂ-ում, առաջին անգամ չէ, որ կոչ են արել ուժերը համախմբել, որ խուսափեն դրամայից և հետագա ապակայունացումից:
«Եթե մենք դա անենք, հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին: ԼՂ բնակչության մոտ 10 տոկոսը տեղահանվել է Ադրբեջանի հարձակողական գործողության հետևանքով: Պետք է զգոն մնալ, եթե որևէ փորձեր արվեն Հայաստանը ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործեն որպես պատրվակ` հարցականի տակ դնելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը: Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է իր պատասխանատու մոտեցումը, ցանկությունը` գտնելու խաղաղ լուծում: Ֆրանսիան ուժերը կենտրոնացրել է, մենք կշարունակենք դա անել որպեսզի ապահովենք խաղաղություն Հարավային Կովկասում»,- ասաց Կոլոննան: