ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի այն հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց:
Այս մասին Այվազյանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:
«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Այվազյանը:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և հայկական կողմը շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։
«Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»,- նշեց Արա Այվազյանը:
Այվազյանն ընդգծեց նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց:
«Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրի միջազգային հանրության մոտեցումները»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: