Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի մոտ։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը։
Նրանք նշել են, որ հանդիպել են տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն արդյունքը չի գոհացրել իրենց, իսկ զորամասի մոտ հավաքվել են հրամանատարության հետ հանդիպելու համար, սակայն այստեղ էլ նրանց չեն ընդունել։
«Մեր պահանջին ոչ մի արդյունքի չենք հասել, մեր երեխաներին էս զորամասից են տարել, էստեղից էլ պահանջում ենք, գոնե թող գործն ընթացք ունենա։ 80 օր է գործն ընթացք չունի․ մեզ այժմ անգամ զորամաս մտնել թույլ չեն տալիս, ճաղավանդակներ են դնել»,-ասել է նրանցից մեկը։
Նա նշել է, որ հանդիպում են ունեցել նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, վերջինս խոստացել է ընթացք տալ, սակայն երբ կլուծվի, հայտնի չէ։
«80 օր է այդ տարածքում որոնողա-փրկարարական աշխատանքներ տեղի չեն ունեցել, մենք չգիտենք՝ էդ հատվածում ինչ է թաքցնում թշնամին։Սա արդեն վերջին քայլն է։ Մեր երեխեքին էստեղից են տարել»,-եզրափակեց նա։
Անհետ կորած զինծառայողների հարազատները խարույկ են վառել զորամասի մոտ և պատրաստվում են գիշերել այնտեղ։ Նրանք նշում են, որ կմնան այնքան, մինչև իրենց ընդունեն։