Աննա Հակոբյանն այցելել է Շիրակի մարզից  պատերազմին մասնակցած տղաների ընտանիքներին

Աննա Հակոբյանն այցելել է Շիրակի մարզից պատերազմին մասնակցած տղաների ընտանիքներին

Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու: Գիտակցված մահն ընտրածները, ստույգ մահվան աչքերին հերոսաբար նայածներն ու մահին հաղթածներն անմահացել են: Այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է այցելել Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացածներին:

Հույսը կորցրած ընտանիքում, Սոսեն իր ծնունով լույս վառեց: Փոքրիկը հոր մահից 3 ամիս հետո ծնվեց՝ հունվարի 5-ին: Երեք որդուց հետո Սահակը դստեր ծնունդին անհամբեր էր սպասում:

Սահակը 10 տարի ոստիկանության զորքերում էր ծառայել, հետո կարճ ժամանակով Ռուսաստան մեկնել: Իրեն հայրենիքից դուրս չէր պատկերացնում, վերադարձել էր ու 6 ամիս առաջ եղբոր տղաների հետ ծառայության անցել Զինված ուժերում: Հերթափոխի օրն էր, բայց պատերազմի լուրը լսելով Մեխակավան էր հասել՝ ժամկետայիններին օգնության: Կնոջ հետ վերջին անգամ հոկտեմբերի 13-ին էր խոսել:

Սահակը հերոսացավ զրույցի հաջորդ օրը: Մահացու վիրավորում էր ստացել թեժ կռվում՝ կասետային ռումբերից: Ընտանիքին վշտակցելու համար այսօր Սահակյաններին էր այցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Սահակը 40-ը դեռ չէր բոլորել, գիտակցված էր գնացել պատերազմ, որդիների սերնդին կռիվը չէր ուզում թողնել: Արթիկի Տոնականյան փողոցի տեղը շատերը գիտեն, ծանոթ, թե անծանոթ բոլորին տուն էր հրավիրում, հյուրասիրում:

Գյումրեցի Դավիթն էլ էր Մեխակավանում ծառայել: Պատերազմը երբ սկսվեց, 3 ամիս էր մնացել զորացրվելուն: Թշնամու կուտակումները նախապես նկատել էին, պատերազմից երկու օր առաջ դիրքեր բարձրացել:

Բեկորային վիրավորում է ստացել, Գորիսից Երևան է հասել գրեթե անգիտակից, բայց երբ շտապօգնության մեքենայում Գետաշենն է լսել, ամբողջ ճանապարհին երգել է: Գյումրեցի տղան իր հումորով բժիշկներին զարմացրել է անգամ վիրահատական միջամտության ժամանակ: Ոտքից հանած բեկորն էլ միշտ մոտն է պահում:

Ձախ ոտքը դեռ չի զգում, առաջիկայում գյումրեցի տղային 4 վիրահատությունն է սպասվում: Մինչև այդ Աննա Հակոբյանը տեսակցեց նրան: 10 տարի մինի ֆուտբոլով է զբաղվել, հասցրել է մեդալներ ու գավաթներ նվաճել: Հիմա ապագան սպորտում չի տեսնում: Պատերազմը փոխել է ծրագրերը: Անգլերեն է սովորում, առաջիկայում նաև ԱյԹի ոլորտը կուսումնասիրի:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial