Աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունների և խտրականության համար Ցուկերբերգին ու նրա կնոջը դատի են տվել

Աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունների և խտրականության համար Ցուկերբերգին ու նրա կնոջը դատի են տվել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի երկու աշխատակիցները նրա և նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի նկատմամբ դատական հայց են ներկայացրել՝ իրենց գործատուներին մեղադրելով սեռական ոտնձգությունների և խտրականություն ցուցաբերելու մեջ, հայտնում է NBC հեռուստաընկերությունը։

Դատական հայցը ներկայացվել է սեպտեմբերի 20-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ՝ հոկտեմբերի 26-ին։ Հայցվորներն են Ջոն Դոուն, որը 2017 թվականի հունվարից մինչև 2019-ի մարտը Ցուկերբերգի տան կառավարիչն է եղել, ինչպես նաև Միա Քինգը, որ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի փետրվարը աշխատել է Ցուկերբերգի ընտանիքի անվտանգությունն ապահովող «Limitless Specialty Services LLC» ընկերությունում։

Համաձայն դատական հայցի՝ Ցուկերբերգն ու նրա կինը մեղադրվում են ոչ միայն սեռական ոտնձգություն կատարելու և խտրականություն ցուցաբերելու մեջ, այլև աշխատակիցներին հասանելիք աշխատավարձը ժամանակին չվճարելու։

Ինչպես հայտնում է NBC հեռուստաընկերությունը, «Facebook» ընկերությունն այս պրոցեսում ներգրավված չէ։ Դատարանը նշված գործով լսումներ չի նշանակել, Ցուկերբերգ ընտանիքի ոչ մի ներկայացուցիչ դատարանի առջև պաշտոնական պարզաբանումներով հանդես չի եկել։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial