Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետի տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու կասկածանքով ապրիլի 5-ին Ախուրյանի համայնքային ոստիկանները պարզաբանումների նպատակով բաժին են բերել «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդին` ավազ բեռնած բեռնատարով հանդերձ:
Բեռի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել: Ճշտվել է, որ հիշյալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող ավազը պետք է տեղափոխվեր Գյումրի` շինանյութի խանութ:
Ավելի վաղ, դարձյալ պարզաբանումների նպատակով, բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Ախուրիկ գյուղից, «ԿամԱԶ»-ով հանդերձ, բաժին են բերել մեկ այլ վարորդի: Մեքենան բեռնված էր ավազի հումքով:
Այս դեպքում էլ բեռի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել: Ճշտվել է, որ հումքը Ախուրյան գետի ափից նա տեղափոխում էր հիշյալ ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետ` մշակելու:
Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ «ԿամԱԶ»-ը անձնական օգտագործման տրակտորով բեռնել է Ախուրյան գետի ափին կից վարձակալած հողատարածք ունեցող անձը` վարձակալած տարածքին կից անցնող Ախուրյան գետի ափից, ինչի համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Պետությանը վատճառված վնասի չափն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: