ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ արհեստական բանականությունը հիմք է հանդիսանում ամբողջ մարդկության զարգացման նոր մղման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Արհեստական բանականությունը, անկասկած, հիմք է հանդիսանում ամբողջ մարդկության զարգացման հերթական առաջընթացի համար», — հայտարարել է նա Artificial Intelligence Journey (AI Journey) միջազգային առցանց համաժողովի ժամանակ։
ՌԴ նախագահը նաև նկատել է, որ, այսպես կոչված, միջանցիկ տեխնոլոգիաները «ներթափանցում են և շարունակելու են ներթափանցել կյանքի բոլոր ոլորտներ», այդ թվում՝ արտադրության, սոցիալական, գիտության և անգամ մշակույթի ոլորտներ։
Մեկնաբանելով «մեքենաների ապստամբության» հավանականության մասին հարցը՝ նախագահն ընդգծել է, որը մարդիկ են կառավարելու այդ մեքենաները։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ արհեստական բանականության զարգացումն, այնուամենայնիվ, որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն հենց մարդուց է կախված, թե «որքան զգույշ նա կտնօրինի այդ հնարավորությունները»։
«Ճիշտ այնպես, ինչպես ատոմային էներգիայի և այլ նվաճումների գործածությունն է կախված մարդուց», — բացատրել է նախագահը՝ հավելելով, որ այս վտանգները հարկավոր է հաշվի առնել և նախապես չեզոքացնել։
Նա նաև հիշեցրել է, որ մարդկանց կյանքում շատ մեծ դեր խաղացող համացանցը ևս կարող է վտանգներ պարունակել, ուստի դրա վրա պետք է տարածվեն բոլոր այն կանոնները, որոնք կիրառվել և կիրառվում են առայսօր։ Նույնը վերաբերում է նաև արհեստական բանականությանը, կարծում է ՌԴ առաջնորդը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել մարդուն, սակայն կարող է հավատարիմ օգնական դառնալ։
«Արհեստական բանականությունը երբեք չի փոխարինի մարդուն։ Այո՛, արհեստական բանականությունն ու մեքենաները զգալիորեն կառավարելու են մարդուն, ինչպես և շատ այլ ժամանակակից տեխնիկական միջոցներ, սակայն, ի վերջո, մարդիկ պետք է վերահսկեն այդ մեքենաները», — նշել է Պուտինը՝ հավելելով, որ ճիշտ օգտագործման դեպքում այս հսկայական ռեսուրսը դառնալու է հավատարիմ օգնական, որը մի շարք խնդիրների կյանքի կոչման նոր հորիզոններ կբացի: