Բանալու թելով խեղդել էր 59-ամյա կնոջը. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Բանալու թելով խեղդել էր 59-ամյա կնոջը. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել:
Դիահերձարան մեկնած իրավապահները դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերեցին շագանակագույն քերծվածք: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Պարզվեց` 59-ամյա կնոջ մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է: Նրան խեղդել էին:
Կինը միայնակ բնակվում էր Արմավիրի Մյասնիկյան փողոցում: Հարևաններն էին տանը անգիտակից վիճակում հայտնաբերել և շտապօգնության բրիգադի հետ հիվանդանոց հասցրել: Անհրաժեշտ էր պարզել, թե միայնակ ապրող կնոջն ով կարող էր խեղդամահ անել և ինչի համար: Տնից ոչինչ չէին տարել: Կատարվածը նման չէր ավազակային հարձակման:
Սպանության փաստով քրեական գործ հարուցվեց:
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Համալիր միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվեցին ոչ միայն դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը:
Հիմնավորվեց, որ օգոստոսի 11-ին, ժամը 2-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 59-ամյա կնոջը բռունցքով խփել, ապա պարանոցից կախված բանալու թելով խեղդել էր նրա ծանոթը` Արմավիրի Չարենցի փողոցի 23-ամյա մի բնակիչ:
Իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում օգոստոսի 16-ին երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial