Բերձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղի տարածքում կոնկրետ մեր զորահավաքային խմբերից մեկի հետ կապը մոտ երկու օր է՝ ընդհատվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից:
«Այդ կապը ընդհատվելուց հետո տեղում իրավիճակին ծանոթանալու, անմիջական տեղեկատվություն ստանալու համար դեռ երկուշաբթի օրվանից Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մեկնել է այնտեղ: Այս գիշեր մարզպետը հետ է եկել: Արցախում մարզպետին ասել են՝ Հին Շենում, հարակից վայրերում կա լարվածություն, բայց մեկ խմբի հետ է, որ կոնկրետ կապ չկա, մնացածի հետ կապ կա, ուղղակի դեռ լարվածություն կա և կոնկրետ վստահեցվել է, որ ռուսական կողմի հետ հիմա աշխատանքներ են իրականացվում տվյալ տարածաշրջանի ճանապարհները ապաշրջափակելու համար և մարտական հերթապահություն իրականացնողների հետ լիարժեք կապն ապահովելու համար»,- ասացին Շիրակի մարզպետարանից և հավելեցին, թե այսքանն են իրենց ունեցած կոնկրետ տվյալները:
Հարցին՝ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ և այլ պաշտոնյաներ են գերեվարվել, որքանո՞վ են ճիշտ շրջանառվող լուրերը, ասացին, թե մեկ-երկու նման պաշտոնյայի անուն գիտեն, բայց չեն հրապարակում, որ չթիրախավորվեն այդ մարդիկ: «Թիրախավորում ենք, երբ նշում ենք համայնքի ղեկավար է, մենք անուններ այս պահին տալու իրավունք չունենք և նպատակահարմարություն չենք գտնում»,- ասացին մարզպետարանից:
Ճշտող հարցին՝ թիվ կարո՞ղ են ասել, քանի՞ հոգու մասին է խոսքը, պատասխանեցին. «Չեմ կարող ասել, չենք կարող հրապարակել, Շիրակի մարզպետարանը չունի թիվը և իրավունք էլ չունենք այդ տեղեկատվությունը փոխանցելու»: