Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գյումրեցի երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր:
Հոկտեմբերի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա և 29-ամյա երկու երիտասարդների, որոնք խոստովանել են, որ գարնանից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր, որոնց մի մասը 30-ամյա երիտասարդի տանն է:
Գյումրեցի երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժին է հրավիրվել տուժողներից մեկը: Նա հաղորդում է տվել, որ օգոստոսի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գողացել են մաքսատան տարածքում կայանված իր «Դոջ Չելենջեր» մակնիշի մեքենայի երկու լուսարձակները և թափարգելը՝ պատճառելով 2000 դոլարի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: