Գյումրիում 17-ամյա երիտասարդը 74-ամյա կնոջ տանից 3100 եվրո է գողացել

Գյումրիում 17-ամյա երիտասարդը 74-ամյա կնոջ տանից 3100 եվրո է գողացել

Մարտի 10-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները մեկնեցին դեպքի վայր՝ Կոմինտերնի փողոց։ 74-ամյա տանտիրուհին իրավապահներին հայտնեց, որ պահածոների պահարանի տարաներից մեկում դրել էր 3900 եվրո, որից 3100-ը գողացել են՝ իր պատկերացմամբ՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Թաղամասում իրականացրած օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ փողը գողացել էր տուժողի հարևանը: 17-ամյա երիտասարդը  հայտնաբերվեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց Շիրակի մարզային քննչական վարչություն։ Շուտով հայտնի դարձավ, որ 74-ամյա կինը նրան պարտքով փող էր տվել, երիտասարդն էլ նրա տնից գողացած փողով վերադարձրել էր պարտքը։ Նաև իր համար թանկարժեք իրեր էր գնել։ Փողի մի մասն էլ մանրել էր, նաև դոլար գնել։ Գողոնի չծախսած, կարելի է ասել՝ փոքր մասը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

***Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial