Այսօր գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պաշտոնատար այլ անձինք։
«Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո համատեղ քննարկումներից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն կարծում եմ՝ կարևոր է թե Շիրակի, թե Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։
Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է:
Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին: