Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է, որ «ահաբեկչության ֆինանսավորման» հոդվածով Վարդանյանին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Բացի այդ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարարին բանտախուց ուղեկցելու, ինչպես նաև հարցաքննելու կադրերը: