Tert.am:Մոսկվայում 2018թ. հուլիսին երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի քույրերը՝ Մարինեն ու Նաիրան, դատի են տվել երեք քույրերի մորը՝ Աուրելիա Դունդուկին, որը տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցի ժամանակ քննադատել է նախկին ամուսնու վարքագիծը, վարկաբեկել նրան: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ MASH թելեգրամյան ալիքին հղումով:
Նշվում է, որ կինը ելույթ է ունենում տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ և պատմում, թե ինչ դաժան հայր ու ամուսին է եղել Միխայիլը: Նա նաև սպանվածին «գազան ու բացարձակ չարիք» է անվանել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության փաստերը:
Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը ձերբակալվել էին:
Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին: