Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
— Արդյո՞ք Երևանը դիմել է Մոսկվային բենզին և դիզվառելիք անհատույց մատակարարելու խնդրանքով:
— Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը շարունակում է հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսել է հանրապետությանը մատակարարել անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը հեշտ չէ։ Երկիրը գրեթե ընտրել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի», — ասված էր հաղորդագրությունում: