Արյան մեջ շաքարի մակարդակն այն ցուցանիշն է, որին պետք է անդադար հետևեն շաքարային դիաբետով հիվանդները։ Այս ցուցանիշի կտրուկ բարձրացումները կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ, ուստի նման տատանումներից խուսափելը շատ կարևոր է։
Գիտնականներն ապացուցել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու լավագույն բնական միջոցներից մեկը կարող է լինել հապալասը, որի հյութն օգնում է նվազեցնել այդ ցուցանիշը 35 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Obesity պարբերականում։
Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Պիեռ Հադդադը նկատել է, որ գիտափորձի համար կիրառվող մկները հակված էին գիրության և շաքարային դիաբետի զարգացման, ինչպես նաև ունեին ինսուլինակայունություն, ինչ թույլ չէր տալիս շաքարը վերածել էներգիայի: Սակայն պարզվել է, որ հապալասի հյութը նվազեցնում էր մկների արյան մեջ շաքարի պարունակությունը 35 տոկոսով։
Մեկ այլ հետազոտություն էլ ապացուցել է, որ այս հատապտուղն օգնում է հաղթահարել ինսուլինակայունությունն ու անգամ բարձրացնում է զգայունությունն այս հորմոնի նկատմամբ։ Այս ցուցանիշների բարելավումն էլ նվազեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։