Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում է այն:
Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Աշխարհի որ կետում էլ տեղի ունենա հեղաշրջումը, մենք այն դատապարտում ենք: Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք դրա փորձը Հայաստանում: Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Բանակի օգնությամբ կառավարության տապալումը, ինչպես նաև դրա կողմից կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն, որն աշխատանքային այցով գտնվում է Բուդապեշտում:
Իր խոսքում Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանում կայունությունը կարևոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղության տեսանկյունից:
«Թուրքիան ուշադիր հետևում է Երևանում իրադարձությունների զարգացմանը»,-հավելել է թուրք դիվանագետը:
Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:
Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:
Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։