Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս տոնական օրվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն անդադար պարբերականությամբ ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից։ Այս մասին հայտարարել է ընկերությունը։
«Դրա հետևանքով երկու ցանցի աշխատանքում էլ լրջագույն խոտաններ էին առաջացել, սակայն մեր տեխնիկական մասնագետներին հաջողվեց կասեցնել այդ հարձակումները»,- նշված է հայտարարության մեջ։
Ներկա պահին ցանցի վրա հարձակումը վերսկսվել է արդեն հենց ընկերության բաժանորդների համակարգիչներից և ինտերնետ օգտագործող սարքերից, որոնք օրվա առաջին կեսին վարակվել են թշնամու նախաձեռած գործողությունների ընթացքում։
«Եթե այս պահին դուք չունեք ինտերնետի հասանելիություն, նշանակում է, որ մեր տեխնիկական անձնակազմը վնասազերծման աշխատանք է տանում ցանցի հենց այդ հատվածի վրա»,- հայտնում է ընկերությունը։
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 21-ին, օրվա ընթացքում բաժանորդները զրկված են եղել ինտերնետից։