Կառավարության նիստում ներկայացվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում կայացված որոշումը` փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու վերաբերյալ:
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:
Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Ռուսաստանից Հայաստան ժամանած ուղևորին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ մեթոդով հետազոտության բացասական արդյունքի դեպքում (առավելագույնը 72 ժամվա վաղեմության տեղեկանքի առկայությամբ) թույլատրվում է պետական սահմանը հատել, հակառակ դեպքում կիրառվում են ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ սահմանված՝ կարանտինային միջոցառումները:
Ներկայումս ծրագրում փորձարկման նպատակով ընդգրկված են վճարովի ծառայություն մատուցող 2 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան և «Նորմեդ» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան: Ծրագրի գործարկման ընթացքում կարող է ավելանալ լաբորատորիաների ցանկն` ըստ դիմելիության:
Ծրագրում ընդգրկված լաբորատորիաների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից:
Նշենք, որ փորձաշրջանի համար նախատեսված է 1 ամիս:
Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`
✔️Android
✔️IOS