Լյարդի հիվանդություններից պաշտպանվելու հարցում կարող են օգնել առողջ ապրելակերպն ու հեպատիտ B-ի դեմ պատվաստումը, մինչդեռ հեպատոպրոտեկտորների և սննդային հավելումների ընդունումից հարկավոր է խուսափել։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Մարիա Պրաշնովան։
«Ամենաարդյունավետ կանխարգելումն առողջ քաշն է, ակտիվ ապրելակերպը, ալկոհոլի կանոնավոր օգտագործումից խուսափելը, ինչպես նաև հեպատիտ B-ի դեմ պատվաստումը (իսկ հաճախ ճանապարհորդողների համար՝ նաև հեպատիտ A-ի դեմ): Ավաղ, մարդկությունը չունի ունիվերսալ հեպատոպրոտեկտոր, որը կարող է պաշտպանել լյարդը կամ «մաքրել» այն: Դեղորայքային բուժումը, այդ թվում՝ բնական միջոցներով, ենթադրում է լյարդի հիվանդության պատճառի բուժում, ինչպես նաև ազդեցություն հիվանդության զարգացման ախտաբանական ուղու վրա»,- պարզաբանել է նա։
Այսպիսով, օրինակ, լյարդի ճարպակալման բուժման ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին նվազեցնել քաշը, այլ ոչ թե հավելումներ ընդունել։ Այս հիվանդության անբարենպաստ ընթացքի դեպքում արդյունավետ կարող են լինել նյութափոխանակությունը կարգավորող դեղամիջոցները, որոնք ներզատաբաններն օգտագործում են, օրինակ, շաքարային դիաբետի բուժման համար: