Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել: Առավել խոցելի են երեխաները` հատկապես մինչև 1 տարեկան, հղիները և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք:
Կարմրուկը բարձր վարակելիություն ունեցող, սակայն պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է: Կարմրուկով 1 հիվանդը կարող է վարակել 12-18 անձի: Հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են:
Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի: 2000-2021 թվականներին կարմրուկի դեմ պատվաստանյութերը ամբողջ աշխարհում փրկել են ավելի քան 56 միլիոն կյանք:
Ինչո՞ւ է վտանգավոր կարմրուկը
Կարմրուկը վտանգավոր է իր բարդություններով: Այն կարող է առաջացնել ուղեղի բորբոքում, կուրություն, խլություն, իմունային իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ, ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:
Ովքե՞ր պետք է պատվաստվեն կարմրուկի դեմ
Առանցքային է կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում, որը կնպաստի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը, կպաշտպանի կարմրուկից և կարմրուկի բարդություններից`
♦ 1 տարեկանում
♦ 4-6 տարեկանում:
Պատվաստվում են նաև չպատվաստված և թերի պատվաստված անձինք`
♦18 տարեկան և բարձր տարիքի անձինք, ովքեր չունեն փաստագրված պատվաստման կամ կարմրուկով հիվանդացման փաստ,
♦ 4 տարեկանից 18 տարեկան անձինք, ովքեր չունեն 2 դեղաչափ պատվաստում,
♦ 1-ից 4 տարեկան երեխաներ, ովքեր չունեն 1 դեղաչափ պատվաստում,
♦ բուժաշխատողներ, ովքեր չունեն փաստագրված պատվաստման կամ կարմրուկով հիվանդացման փաստ:
Հղիություն պլանավորելու դեպքում
Թերի պատվաստված կամ նախկինում չհիվանդացած անձանց խորհուրդ է տրվում ստանալ ԿԿԽ պատվաստում՝ հղիություն պլանավորելուց առնվազն 1 ամիս առաջ:
Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):
Նյութի աղբյուրը՝ ncdc.am