Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպել է Սուրեն Պետրոսյանին, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի անդամներին և գյուղացիներին։ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար և ապրում են ոսկեպարցիների կողքին։
Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ստեղծված համազգային և համապետական ճգնաժամի հաղթահարման այս պայքարում ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Այլևս չպետք է լինեն կուսակցական շահեր, քաղաքական նախընտրություններ։
Հանդիպման քննարկման հիմնական թեմաներն են եղել այսօր պայքարի կիզակետ դարձած Ոսկեպարի հարցը, հանդուրժողականության հետևանքները, նահանջի անթույլատրելիությունը։
«Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մեզ չի պատկանում, հայն ինչպես կարող է ասել՝ սա մերը չէ»,- գյուղացիների հետ շփումների ընթացքում ընդգծել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։