Իտալիայի Մոնտիկիարի քաղաքի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկ Կառլո Մոսկան կասկածվում է կորոնավիրուսով հիվանդների սպանության մեջ՝ մահճակալների ազատման համար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով իտական Brescia Today պարբերականին, քննության տվյալներով՝ բժիշկը «Քովիդ-19»-ով հիվանդներին միտումնավոր կերպով շնչառությունը դժվարացնող դեղամիջոց է ներարկել: Նրա գործողությունների արդյունքում երկու հիվանդ է մահացել: Դրանցից մեկի դեպքում դիահերձումը ցույց է տվել հիվանդի օրգաններում և հյուսվածքներում դեղամիջոցի առկայությունը, որը չափաբաժնի խախտման պարագայում կարող էր հանգեցնել նրա մահվան:
La Repubblica պարբերականն, իր հերթին, գրում է, որ Իտալիայում մոլեգնող համավարակի ընթացքում Մոսկան կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում է եղել: Ինքը բժիշկը նշել է, որ «յուրաքանչյուր հերթափոխ պայքար էր հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար»: Սակայն Բրեշիայի դատակազության մեղադրանքն առնվազն երկու մարդու սպանության մեջ կարող է գլխիվայր շուռ տալ նրա հերոսական պայքարի պատմությունը:
Շարժառիթները, թե ինչու է բժիշկը սպանել հիվանդներին, դեռևս պարզ չեն: Գործի նյութերին կցվել է բուժքույրերի նամակագրությունը, որում նրանք կասկած էին հայտնում, որ բժիշկը հիվանդներին սպանել է բուժհաստատությունում մահճակալների ազատման համար:
Ներկա պահին բժիշկը տնային կալանքի տակ է գտնվում և սպասում է դատավարությանը: