Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,- ասաց նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք անձամբ գիտակցաբար չի օգտագործում «էթնիկ զտում» և «բռնի տեղահանում» արտահայտությունները, որոնք օգտագործում է հայկական կողմը, Կոլոնան ասաց․ «Ես չեմ ցանկանում ոճրագործությանն իրավական որակում տալ, բայց ասում եմ, որ դրանք ոճիրներ են»։