Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի հանդիպման շրջանակում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
«Մենք անում էինք այն, ինչ կարող էինք իրավական առումով, որպեսզի ապահովենք հումանիտար բաղադրիչը: Ինչպես գիտեք, այնտեղ զոհեր ունեցանք՝ պաշտպանելով Ղարաբաղի հայերին: Հումանիտար, բժշկական օգնություն էինք ցուցաբերում, ապահովում էինք նրանց դուրս գալը: Չէ՞ որ բոլոր փախստականները մեր կենտրոն եկան՝ մեր խաղաղապահների պաշտպանության տակ էին հազարավոր մարդիկ»,- ասել է Պուտինը:
Նա հայտնել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, որը խոստացել է, որ կապահովի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
«Սակայն բոլորը գնացել են, այնտեղ մարդ չի մնացել, գուցե 1000-1500 հոգի»,- արձանագրել է Պուտինը:
Անդրադառնալով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը՝ նա կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի ղեկավարությունն այդ հարցում կառաջնորդվի մարդասիրական նկատառումներով: