Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։
Այսօրվա նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։
Մկրտչյանը ներկայացրեց երեք բաղադրիչների մանրամասները․
«Առաջին բաղադրիչի դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում և կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։ Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ՝ուսման վարձը վճարելու համար։
Այնուհետև, երբ կներկայացնի վկայականը, որ ինքը անցել է կրթաշրջանը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ և երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Ընդ որում, և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված․ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչև երեք ամիս լրանալը չեղարկում է պայմանագիրը, ապա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի գումարը։
Երկրորդ բաղադրիչը վերաբերվում է վճարովի աշխատանքային փորձի ձեռք բերմանը և պրակտիկային։
Գործատուի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն՝ գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Ընդ որում, հարկերը հանած 120 հազար աշխատավարձ է մնում։
Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային պրակտիկայի ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը։
Երրորդ բաղադրիչը միավորում է բոլոր բաղադրիչները։ Այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ այս ծրագիրն արդեն իսկ փորձարկված է․ 2016-20 թվականների ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների համար այն արդեն իրականացվել է։
«Օրինակ՝ հետևել ենք ավելի քան մեկ տարի և տեսել ենք, որ մեր ծրագրի շահառուների 70 տոկոսից ավելին շարունակում են մնալ աշխատաշուկայում, որոնք և՛ կրթություն են ստացել, և՛ վերապատրաստվել են նմանատիպ ծրագրերի միջոցով»,- եզրափակեց Մկրտչյանը։