Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 935 ուսանողի ուսման վարձը։
ՀՀ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել:
«Այս երկու խմբի ուսանողների համար էլ կայացվեց որոշում, որովհետև նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, որովհետև այս ուսանողները մեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել: Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում:
Շուրջ 935 ուսանողի մասին է խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանող՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել:
Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը մոտավորապես 264 միլիոն դրամի չափով, և գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնք ցանկացել են շարունակել ուսումը Հայաստանում, շարունակում են: Նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 1800 ուսանող արդեն բուհերում է սովորում, իսկ ավելի քան 1100-ը՝ քոլեջներում և ուսումնարաններում: