ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հավատ և ձգտում, զգալի ջանքեր է գործադրել այդ նպատակով, բայց, ավաղ, այդ գործում․ ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր։
Այդ մասին X սոցցանցում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ կերպով գրանցված ջանքեր է գործադրել այդ նպատակով։ Ավաղ, մենք չունենք գործընկեր խաղաղության հաստատման գործում, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք» և անընդհատ ուժ է կիրառում»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ անտեսում Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ:
«Մեսիջը պարզ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»,- նշել է Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարի պնդմամբ՝ միջազգային համայնքը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուժեղ քաղաքական կամք: