Հայաստանն ակնկալում է մարտից արդեն ունենալ Covid-19-ի դեմ պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստումների գործընթացը սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք առաջիկայում կունենանք կոնկրետ ժամկետներ, թե երբ ենք ստանալու: Դիմել ենք, արդեն բանակցությունների շրջանն ավարտվել է, և առաջիկայում կիմանաք, թե երբ ենք ստանալու»,-ասաց Ավանեսյանը:
Երբ պարզ կլինի ներմուծման կոնկրետ ժամկետը, այդ ժամանակ կհրապարակվի պատվաստումների գրաֆիկը: «Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար: Որոշվել են ռիսկային խմբերը, և ըստ այդ հրամանի՝ ռիսկային խմբերում ներգրավված անձինք կունենան պատվաստման առաջնահերթություն»,-ասաց նախարարը:
Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք աշխատում են մի քանի հարթակներում՝ ունենալու պատվաստանյութերի լավագույն տարբերակները և բնակչությանը ապահովելու հնարավորինս մատչելի և որակյալ պատվաստանյութով: Հայաստանը վստահաբար կկիրառի նաև ռուսական Sputnik V պատվաստանյութը, սակայն դա կլինի առաջինը, թե երկրորդը, նախարարը դեռ չի կարող ասել: Գնահատվում են բոլոր առաջարկվող պատվաստանյութերը: Հայաստանում պատվաստումները միայն կամավոր բնույթ են կրելու:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանից ավելի վաղ նվեր ստացված «Sputnik V» պատվաստանյութով Հայաստանում մոտ 15 հոգի է պատվաստվել: