ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ—ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար Ֆրանս Վան Գերվենի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունն ու գրանցված հաջողությունները:
Ներկայացնելով Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման փորձը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ այն արդեն ամբողջությամբ ազգայնացվել է և փոխանցվել ՀՀ կառավարությանը: Արդյունքում՝ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1075 դպրոցների 1-ից 4-րդ դասարանների բոլոր երեխաները պետական բյուջեի միջոցների հաշվին տաք սնունդ են ստանում:
Արաքսիա Սվաջյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին Երևանի դպրոցները ևս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու հնարավորության, ինչպես նաև հանրապետության բոլոր դպրոցներում տաք սննդի ապահովման ուղղությամբ:
«Դպրոցների ճաշարանների, խոհանոցների վերանորոգման, ինչպես նաև գույքով և կահույքով համալրման աշխատանքներ են իրականացվում: Երևանի դպրոցները ծրագրում ներառելու հարցը մարտահրավերային է և ունի իր առանձնահատկությունները, քանի որ դպրոցների մեծ մասը գերբեռնված են և չունեն համապատասխան տարածք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի արտաքին գնահատումը, որը կնպաստի ծրագրի իրականացման արդյունքների, հաջողությունների ու խնդիրների վերլուծությանը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արտաքին գնահատման առաքելության ղեկավար Ֆրանս Վան Գերվենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանն ունի «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հաջողված օրինակ: Ֆրանս Վան Գերվենը տեղեկացրել է՝ գնահատման արդյունքները հասանելի կլինեն այս տարվա հոկտեմբերի վերջին: Հայաստան կատարած այցի շրջանակում առաքելության ներկայացուցիչները կայցելեն ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, կուսումնասիրեն ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկմանը:
«Հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ Տավուշում ներդրման փորձն ու մարզի դպրոցներում գրանցված հաջողությունները, ինչպես նաև արձանագրված խնդիրներն ու մարտահրավերները մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն՝ հանրապետության մյուս դպրոցներում բացերը լրացնելու և խնդիրները լուծելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացը որպես պարտադիր խմբակ սեպտեմբերից ներդրվել է Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում:
Հանդիպման ընթացքում կարևորվել է տարբեր ծրագրերի ուղղությամբ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը, անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: