Կառավարությունը հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թթ. պլան-ժամանակացույցը: Ծրագրի ընդունման նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումն է, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ և ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների բարելավումը: Նախատեսվում է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը՝ շեշտադրելով համայնքի և ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաև տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում և որոշումների կայացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի գործող ծառայությունների որակը, հանրապետության 10 մարզում կստեղծվեն ցերեկային կենտրոններ, յուրաքանչյուրն առնվազն 50 այցելուի հաշվարկով: Բացի այդ, կստեղծվի անկանխատեսելի ու ճգնաժամային իրավիճակներում տարեց անձանց աջակցելու նպատակով հանրապետությունում ճգնաժամային երեք կենտրոն՝ 60 տարեցի համար։ Հանրապետության բոլոր մարզերում կներդրվի տնային խնամքի ծառայությունը: