ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ:
Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին:
«Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում: Դրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հեռակա ուսուցում այլևս չի լինի, ինչը հնարավոր է՝ որոշակի դժվարություններ առաջացնի ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական բուհերի համար: Սակայն այստեղ մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանում կրթությունն այլևս չի լինելու սոցիալական ֆունկցիա կատարող ոլորտ. հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա: Այսինքն՝ Կրթության և գիտության նախարարությունը լինելու է կրթության որակ ստուգող, իրականացնող, պահանջող և քաղաքականություն մշակող մարմին: Սոցիալական հարցերը, իհարկե, չեն անտեսվելու, բայց նաև դրանք առաջնային տեղում չեն լինելու»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նաև բուհերի հավատարմագրման գործընթացին:
«Պետք է հստակեցվեն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման թե՛ պահանջները, և թե՛ հետևանքները: Եթե գնում ենք կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը. բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը: Այսօր խնդիր ունենք նաև լիցենզավորման հետ կապված. քանի որ հստակ սահմանված չէ հավատարմագրման շեմը: Այս հարցում հատկապես խնդրահարույց է բժշկական մասնագիտությունների հարցը. շատ հաճախ մեկ բուհի անպատասխանատու գործունեությունը վնասում է մնացած բոլորին: Պետք է հստակ գիտակցենք, որ այլևս որևէ անպատասխանատու քայլ անհետևանք չի մնալու: Որևէ բուհի նկատմամբ մենք չունենք վերապահում, որևէ բուհ մյուսից առավել չէ: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարձրորակ բուհերը հենց մասնավոր բուհերն են, և մեր նպատակն է՝ ունենալ հզոր ոչ պետական բուհեր, որոնք շեշտադրում են կրթության որակը»,- նշել է նախարարի տեղակալը:
Հովհաննես Հովհաննիսյանը նաև հորդորել է բուհերի միջազգայնացման գործընթացում ապահովել բուհերի օտարալեզու ծրագրերի թափանցիկությունը և տեսանելիությունը՝ օտարերկրյա ուսանողներ ներգրավելու համար:
Նյութի աղբյուրը՝ 1in.am: