Գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է այդ թվում Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության ու մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ», — ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 2-ին կայանալիք հանդիպմանը հնարավո՞ր է գերիների վերադարձի հարցում ինչ-որ տեղաշարժ լինի։
«Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցն իսկապես լուծվի ու լուծվի հնարավորինս շուտ։ Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ու, իհարկե, ավելի տրամաբանական մոտեցում է բոլորը բոլորի դիմաց փոխանակումը։ Արվում է ամեն հնարավորը, և կարծում եմ՝ այո, հանդիպումների ընթացքում այս թեման ևս կքննարկվի», — ասել է Կոպիրկինը։