Հետպատվաստումային շրջանում Հայաստանում Covid-ի դեմ պատվաստված անձանց մոտ որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չի գրանցվել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս մեկ տիպի պատվաստանյութով են պատվաստումներ իրականացվում՝ «Սպուտնիկ V»-ով։ «Դեռևս փոքր քանակով է պատվաստում իրականացվում՝ ռիսկի խմբի և բուժաշխատողների շրջանում»,- ասաց նա։
Ռուսաստանը տարեսկզբին Հայաստանին նվիրել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2000 դոզա՝ 1000 հոգու համար:
Առողջապահության նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ են պատվաստվելու: Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները: Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար: