Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան լայվի միջոցով: «Այսինքն, ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ, աշխատանքով»,- ասաց վարչապետը:
Վարչապետն ընդգծեց, որ հրատապ լուծում պահանջող Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումն է: Նա պարզաբանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: