Սեպտեմբերի 15-ին, hraparak.am կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այս տեղեկությունը:
«Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում»,-ասված է Դաշնակցության հայտարարության տեքստում: